Բաժին. Տնտեսական

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերություններին

Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Գործադիրը նմանատիպ արտոնություն տրամադրեց նաև «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին:  «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Share