Բաժին. Տնտեսական

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրազեկման միջոցառումներ իրականցվեցին Սյունիքի մարզում

Շարունակելով Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված իրազեկման միջոցառումները՝ մայիսի 23-ին և 24-ին հանդիպում-քննարկումներ իրականացվեցին Կապանում և Ագարակում։

Հանդիպում-քննարկումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՃԹՆ քարտուղարության փորձագետ Անահիտ Առուստամյանը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ԲՇԽ արդյունահանող կազմակերպություններ ներկայացնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը և «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Վարդանյանը, ԲՇԽ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը և «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արթուր Համբարձումյանը: Հանդիպումներին մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը:

Այս հանդիպումներին ևս մարզպետարանների և համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության և հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվեց նախաձեռնությունը, ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը, զեկույցով հասանելի դարձած տվյալները, մասնավորապես՝ ընդերքօգտագործման թույլտվությունները, մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների պայմանագրերը, մետաղական հանքարդյունաբերության ոլորտից համայնքի ստացած եկամուտները, ընկերությունների՝ համայնքի առջև սոցիալական պարտավորությունները։

Հանդիպումներին խոսեցին նաև ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքի` www.eiti.am և առցանց հաշվետվությունների հարթակի` reports.eiti.am միջոցով հասանելի դարձած տվյալների, իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել է ԱՃԹՆ ներդրման շրջանակում և մինչև տարեվերջ ստեղծվելու է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը։

Մարզային այցելությունները կազմակերպվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Հանրային վարչարարության բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում»  նախաձեռնությամբ։

Share