Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

«Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման: Նրանք առաջարկել են օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը հետաձգել մեկուկես տարով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է հարցը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:

Share