Բաժին. Տնտեսական

Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀԲ-ի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նախօրեին  ընդունել է   Համաշխարհային բանկի  Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին և «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում»  ԽԾՎ շրջանակում Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած փորձագետ, թիմի ղեկավար   Սառա Նայմանին` ուսումնասիրության արդյունքները և  առաջարկությունները  քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, բարձր գնահատելով իրականացված ուսումնասիրությունները՝  Գեղամ Գևորգյանը  ընդգծել է  ՏՄՊՊՀ-ի  գործունեության արդյունավետության բարձրացման և թափանցիկության ապահովման,  հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում  Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են  կարգավորվող ոլորտների ազատականացումը և այդ ոլորտներում մրցակցության խթանումը,  պետության կողմից տրվող օժանդակությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, պետական գնումների ընթացքում ազատ և բարեխիղճ մրցակության սկզբունքի ապահովման, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության նպատակով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի ընդունման  և դրա կիրարկման ուժեղացմանը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել անհարկի պետական միջամտությունն ազատ տնտեսական մրցակցությանը, այլև  խնայողաբար և արդյունավետ ծախսել պետական բյուջեի միջոցները:

Share