Տնտեսական | 11:09 12/06/19

Հրապարակ. Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասվում

«Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին եւ Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման:

Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին.  «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»:

Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաեւ»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է», - գրում է Հրապարակ օրաթերթը: