Բաժին. Տնտեսական

Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:

«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:

Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

Share