Տնտեսական | 13:25 14/06/19

Պատգամավորներն առաջարկում են դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման համար սահմանել ստաժ, քաղաքական նշանակումների դեպքում՝ քվոտա

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում են սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը: Նրանք առաջարկում են սահմանել պահանջ՝ դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբինյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները:

«Նախկինում, ըստ էության, դիվանագիտական ներկայացուցիչ կարող էր նշանակվել գրեթե ցանկացած մեկը, դիվանագիտական ծառայող լինելու, փորձի նախապայման չի եղել: Կային մի քանի պահանջներ, սակայն դրանք շատ լայն չէին, և սա բերել էր նրան, որ հաճախ դեսպաններ նշանակվում էին քաղաքական, բիզնես նկատառումներից ելնելով: Եվ այս ամենից տուժում էր դիվանագիտական ծառայությունը, իսկ ցածր ու միջին մասնագիտական մակարդակի դիվանագետներն աճի տեղ չունեին։ Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ քաղաքական նշանակում չի լինելու, մինչև այսօր այդպիսի նշանակում չի եղել, և նախկին տրամաբանությամբ նշանակված դեսպաններն արդեն հետ են կանչվել: Եվ չնայած արդեն կա կամք՝ դիվանագետներին նշանակել որպես դեսպաններ, սակայն այս նախագծի նպատակն է բացառել արատավոր պրակտիկայի երբևէ կրկնությունը»,-ասաց Ռուբինյանն ու 15 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ սահմանելը համարեց  տրամաբանական:

Նրա կարծիքով՝ ցանկացած դիվանագետ դեսպանի մակարդակին հասնելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնի: Դա միտված է համակարգի առողջացմանն ու մասնագիտացմանը:

Սակայն Ռուբինյանը տեղեկացրեց, որ քաղաքական նշանակումների համար սահմանվում է ընդհանուր դիվանագիտական ներկայացուցիչների թվի 15 տոկոս քվոտա, այսինքն՝ 15 տոկոսը կարող են դիվանագիտական ծառայության փորձ չունենալ: Նա նկատեց, որ աշխարհում կա նման պրակտիկա, որ որոշակի տոկոսը որոշակի պատճառներով կարող է դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվել արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված:

Հարցին՝ արդյոք նախադեպե՞րն են ստիպել նման նախագիծ կազմել՝Ռուբինյանը նշեց, որ նկատի են ունեցել վատ նախադեպերը:

Նախագծով նաև վարչապետին հնարավորություն է տրվում ցանկության դեպքում նախքան թեկնածուին նախագահին ներկայացնելը, ներկայացնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ խորհրդատվական եզրակացության: Ռուբինյանը պարզաբանեց՝ ընտրել են ըստ ցանկության ներկայացնելու տարբերակը, քանի որ Սահմանադրությամբ հնարավոր չէ վարչապետին պարտադրել դա անել: «Սակայն ցանկացած վարչապետ կցանկանա լեգիտիմացնել իր նշանակումը: Սա թույլ է տալիս նույնիսկ 15 տոկոս քվոտայի դեպքում բացառել չարաշահումները, անտրամաբանական նշանակումները»,-նշեց պատգամավորը։

Հարցին, թե արդյոք հանձնաժողովն ինչ-որ ազդեցություն կարո ՞ղ է ունենալ վարչապետի որոշման վրա, նա նշեց՝ վարչապետը ոչ մի պարտավորություն չի կրի, սակայն սա քաղաքական զսպող մեխանիզմ կլինի, քանի որ վարչապետի համար լեգիտիմ հարցեր կառաջանան, թե ինչու է հանձնաժողովն օրինակ բացասական եզրակացություն տվել:

Հանձնաժողովի եզրակացությունը կցվելու է այն փաստաթղթերին, որոնք ուղարկվելու են նախագահին:

Հարցին՝ նախագծի  ընդունման դեպքում այլ նկատառումներով նշանակված և գործող դեսպանների հարցն ինչպես է լինելու, արդյոք նրանք հե՞տ են կանչվելու, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ դեսպաններն արդեն հետ են կանչվել, իսկ նախագիծը չի վերաբերում արդեն գործող դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախագծի ընդունումն ինքնին չի նշանակի այդ դեսպանների հետկանչ: Թեև նախագծով չի սահմանվում՝ որ թեկնածուին պետք է կանչեն հանձնաժողովի նիստին, այն թողնված է ԱԺ-ի հայեցողությանը, սակայն Ռուբինյանը վստահեցրեց, որ դա կլինի տրամաբանական ընթացակարգ:

Ի դեպ, նախագիծը ներկայացնող պատգամավորներից Ռուբինյանը «Իմ քայլը», իսկ Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից են: