Բաժին. Տնտեսական

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 63 հայտ:

Նիստի ընթացքում հաստատվել է 60 հայտ` շուրջ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման, գյուղատնտեսական և համայնքների կարիքները սպասարկելու նպատակով բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը: Վերջիններս միտված են աջակցելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը ու նպաստելու կյանքի որակի բարձրացմանը:

Փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները:

Share