Բաժին. Տնտեսական

«Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացված աուդիտի արդյունքները եղել են դրական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018թ. տարեկան գործունեության համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը դրական եզրակացություն է ներկայացրել հիմնադրամի կատարած աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում այս մասին ասաց ընկերության ներկայացուցիչ Փառանձեմ Գևորգյանը:

«Աուդիտն իրականացրել ենք միջազգային ստանդարտների հիման վրա, որի արդյունքում թողարկել ենք առանց վերապահումների դրական եզրակացություն: Աուդիտի են ենթարկվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված գործող շինարարական ծրագրերից կամայական սկզբունքով ընտրված 18 ծրագրերում, ստուգվել է որակական և ֆիզիկական վիճակը, որի արդյունքում ևս թողարկվել է հաշվետվություն: Անկախ հնչեցված որոշակի արտահայտություններից՝ հիմնադրամի աշխատանքներում արձանագրվել է որակի բարելավում թե՛ ֆիզիկական, և թե՛ ֆինանսական հաշվարկման տեսակետից»,- ասաց Գևորգյանը:

Հոգաբարձուների խորհուրդը աուդիտի արդյունքներն ընդունեց ի գիտություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Share