Բաժին. Տնտեսական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ԿԽՄԿ կողմից Հայաստանում իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ համարելով հանդիպումը լավ առիթ համագործակցության վերաբերյալ կարևոր հարցերի քննարկման համար:

Քլեր Մեյթրոն փոխվարչապետին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, խոսել սահմանամերձ բնակավայրերում բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով, որ մարդկանց առողջությունը, կրթությունը և բարեկեցությունը կազմում են այն առանցքը, որի վրա հիմնվելու են բոլոր բարեփոխումները: Փոխվարչապետը ներկայացրել է արդարադատության, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական սկզբունքները: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ տարիներով կուտակված փորձն ու գիտելիքը նաև իր նպաստը կբերի մի շարք բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների՝ մասնավորապես ջրի կառավարման ոլորտներում առկա խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման հնարավորությունների շուրջ:

Share