Տնտեսական | 18:08 19/06/19

Նախագահ Արմեն Սարգսյանն իտալական հայտնի «Լեոնարդո» ընկերության ղեկավարների հետ քննարկել է ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:

«Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:

Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։