Բաժին. Տնտեսական

«ԱՅՍԵԿ-Հայաստան» երիտասարդական կազմակերպության 30-ամյակի միջոցառումները շարունակվում են

«ԱՅՍԵԿ-Հայաստան» երիտասարդական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեության 30-ամյակը։ Հունիսի 15-ին Ավանտա բիզնես կենտրոնում կայացավ 30-ամյակի միջոցառումների շարքի երկրորդ հանդիպում-քննարկումը, որն առաջնորդության մասին էր և կրում էր «Առաջնորդություն 3.0» խորագիրը։

Միջոցառման մասնակիցները «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի շրջանավարտներն էին, ովքեր տարբեր ոլորտների մասնագետներ են և հիմնականում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Շրջանավարտների Առաջնորդության Զարգացման Սեմինարը (Alumni Leadership Development Seminar) Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ։

Միջոցառումը կազմակերպված էր կայացած մասնագետների, ոլորտի առաջնորդների համար և նպատակ ուներ քննարկելու առաջնորդության զարգացման առանձահատկություններն ու հնարավորությունները Հայաստանում։ Բանախոսները՝ Մարտին Գալստյանը, Մարինա Մխիթարյանը, Մագդա Մարկոսյանը և Արմինե Մկրտչյանը, մասնակիցների հետ հետաքրքիր քննարկում-զրույց անցկացրեցին, որի ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ: Նշվեց, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն շարունակական, քանի որ հիմնականում կազմակերպվում են ուսանողների համար, սակայն կայացած մասնագետները նույնպես պահանջ ունեն սովորելու և ազատ քննարկման

Միջոցառման վարողը՝ «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի շրջանավարտ Արշակ Թովմասյանը, ով նաև «ԱՅՍԵԿ-Ուկրաինա»-ի և «ԱՅՍԵԿ-Ֆրանսիա»-ի շրջանավարտ է, նշեց, որ չնայած ինքը եկել էր մասնակցելու որպես վարող, սակայն արծարծվող թեմաներն այնքան հետաքրքիր և արդիական էին, իսկ ելույթ ունեցողներն այնքան խարիզմատիկ և պրոֆեսիոնալ, որ  հաճույքով ամբողջ միջոցառմանը ներկա գտնվեց որպես մասնակից և շատ նոր գիտելիքներ ստացավ։

Նշենք, որ միջոցառման աջակիցներն էին «ԱՅՍԵԿ» Հայաստանի գործընկերներ «Յուքոմ» ընկերությունը, «ԱՎՐՈՐԱ ԲԱՐԵԱԼԻՍ» մարքեթինգային գործակալությունը, «Պեպսի Արմենիա» ընկերությունը և «Բիզնես 24» լրատվականը։

Հիշեցնենք, որ Հայաստանում «ԱՅՍԵԿ»-ի գործունեության 30-ամյակի միջոցառումների շարքի առաջին հանդիպումը կայացել էր ապրիլի 13-ին:

«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից և հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մշակելու համատեղ ծրագրեր տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ, մասնակցելու միջազգային համաժողովների և սեմինարների, լինել ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտին:

AIESEC-ը Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա է, որը ստեղծվել է 1948 թվականին և համախմբում է ուսանողական խնդիրներով, առաջնորդությամբ ու կառավարմամբ հետաքրքրված ուսանողներին: Ներկայում կազմակերպությունը գործում է 120 երկրում, համագործակցում է աշխարհի ավելի քան 1700 համալսարանների հետ, ունի շուրջ 40 հազար անդամ ամբողջ աշխարհում: Լինելով միջազգային, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝  AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:

Share