Բաժին. Տնտեսական

Մասիսում կկառուցվի ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Մասիսի զարգացման հիմնադրամն Արարատի մարզի Մասիս քաղաքում ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու նախագիծ է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին նախագիծը ներկայացվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական պատասխանատու Տիգրան Առաքելյանը նշեց, որ կենտրոնն աշխարհագրական առումով հարմար է լինելու ոչ միայն Արարատի, այլ նաև Արմավիրի մարզի երեխաների ու պատանիների համար:

«Այն նախատեսում ենք ամբողջ Արարատի մարզի, նույնիսկ Արմավիրի մարզի համար, որովհետև հիմա վիճակագրություն կա, որ այդ մարզերից բազմաթիվ երիտասարդներ հաճախում են ԹՈՒՄՈ, բայց քանի որ այն բավական հեռու է, տրանսպորտի խնդիր կա: Մենք նախատեսում ենք այն կառուցել հենց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից հատվածում, որն աշխարհագրական առումով շատ հարմար է»,- ասաց Առաքելյանը:

Հիմնադրամի վարչական պատասխանատուն նշեց, որ նախագիծը մշակման փուլում է: ԹՈՒՄՈ Մասիսը շահագործման կհանձնվի 2 տարվա ընթացքում:

Share