Տնտեսական | 13:55 27/06/19

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց ՀՀ տնտեսությունում աճի ներուժ ունեցող երեք կարևոր ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տնտեսության արտահանման ծավալներում աճի ներուժ ունեցող երեք ուղղություններից է համարում ոսկերչական, շոկոլադի և բուսաբուծական արտադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստում:

«3 առանձնահատուկ ցուցանիշ եմ ուզում հնչեցնել, որոնք, գուցե, իրենց ազդեցությամբ տնտեսության վրա դեռևս շատ մեծ չեն, բայց մենք առանձնացնում ենք այդ ուղղությունները, որպես աճի ներուժ ունեցող, և ապագայում, կարծում եմ, որ այդ ուղղությունների վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ ենք խոսելու: Դրանք մասնավորապես ոսկերչական կամ ոսկեգործական արտադրանքն են, որոնք հինգ ամիսների կտրվածքով ունեցել են նախորդ տարվա նկատմամբ 86%-անոց աճ, այս ուղղությունը Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններից մեկ է եղել երկար ժամանակ: Նախորդ տարիներին գուցե նաև օբյեկտիվ պատճառներով դիրքերի որոշակի զիջում էր տեղի ունեցել, բայց նոր հնարավորություններ են դրսևորվում հատկապես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները, որոնց ուղղությամբ մենք նաև որոշակի կանոնակարգային փոփոխություններ ենք զարգացնում մեր գործընկերների հետ, թույլ են տալու միասնական շուկայում ունենալ աճի դեռևս բազմաթիվ նոր ցուցանիշներ:

Հաջորդ ուղղությունը շոկոլադի արտադրությունն է: Մենք նորից ունենք տեղական արտադրող, որը նախորդ տարիների ընթացքում ներքին շուկայում ցուցաբերել էր իր վստահ մրցունակությունը, և սկսել է արտահանել: Այս տարվա հինգ ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նկատմամբ ունի արդեն 32.7%-անոց աճ: Առաջիկայում այս ուղղությունը նույնպես լինելու է կայուն դիրքեր ունեցող:

Մեր գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես բուսաբուծության ոլորտում արտադրանքի հետագա վերամշակումը պետք է ունենա ավելի մեծ կշիռ մեր տնտեսական կյանքում: Այս տարվա հինգ ամիսների ընթացքում այս ուղղությունը նույնպես զգալի աճ է դրսևորում՝ 18.3%-ով մենք ավելի շատ ենք արտահանել, քան նախորդ տարվա հինգ ամսվա ժամանակահատվածում»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը շեշտեց, որ մշակվող արդյունաբերությունը շարունակում է արտահանման կառուցվածքի վրա ունենալ ճշգրտող ազդեցություն, և մինչև տարեվերջ այս միտումները կպահպանվեն, ու կունենանք զգալի, դրական թվեր հատկապես վերամշակվող արդյունաբերության և արտահանման թվերի ուղղությամբ: