Բաժին. Տնտեսական

Վրաստանի փոխվարչապետը խրախուսում է հայ և վրացի գործարարներին համատեղ բիզնես իրականացնել

Վրաստանի կառավարությունը հետաքրքրված է ինչպես անմիջական օտարերկրյա ներդրումների աճով, այնպես էլ ողջունելի կհամարի, եթե համատեղ ձեռնարկություններ, համատեղ բիզնես անելու հնարավորություն ստեղծվի Վրաստանի և Հայաստանի գործարարների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին Դիլիջանում անցկացվող հայ-վրացական գործարար համաժողովին:

«Մենք հետաքրքրված ենք ինչպես անմիջական օտարերկրյա ներդրումների աճով մեր երկիր, այնպես էլ ողջունելի կլինի, եթե համատեղ ձեռնարկություններ, համատեղ բիզնես անելու հնարավորություն ստեղծվի Վրաստանի և Հայաստանի գործարարների միջև: Այս առումով նման ձևաչափի համաժողովներն, իհարկե, անփոխարինելի են»,-ասաց փոխվարչապետը:

Նրա կարծիքով՝ վրացի գործարարների ներկայացվածությունը համաժողովում փաստում է, որ նրանք Հայաստանում տեսնում են հնարավորություններ, հայ գործարարների ներկայացվածությունն էլ վկայում է Վրաստանում հնարավորություններ տեսնելու մասին:

Փոխվարչապետը նշեց, որ գործարարները համաժողովից դուրս առերես հանդիպումներ ևս ունեն, որոնք հնարավորություն կտան տնտեսական հարաբերություններն այլ մակարդակի հասցնել:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստին իմ հայ գործընկերոջ հետ համաձայնեցինք, որ մեր երկխոսությունն իմաստ չի ունենա ու չի տա ցանկալի արդյունք, եթե չամրապնդվեն մեր երկրների գործարարների միջև կապերը, և եթե չյուրացվի այն ողջ ներուժը, որն առկա է: Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործարարներին առաջարկելու շատ բան ունենք Վրաստանում, Հայաստանը նույնպես ունի այդպիսի հնարավորություն: Մենք Հայաստանի գործարարներին կարող ենք առաջարկել մեր առանձնահատուկ բարեկամական միջավայրը, բիզնեսով զբաղվելու պարզությունը»,-ասաց փոխվարչապետը:

Նա ներկայացրեց այն բարենպաստ տնտեսական, բիզնես միջավայրը, որն առկա է Վրաստանում: Փոխվարչապետի կարծիքով՝ դա հայ և վրացի գործարարներին հնարավորություն է տալիս ավելի մեծ շուկաներ դուրս գալ՝ Վրաստանում բիզնես սկսելու միջոցով:

Share