Բաժին. Տնտեսական

Գյումրիում տրվել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը

Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան գործառույթ, այլ նաև արտաքին տնտեսական գործունեությանը առնչվող պետական գործառույթները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա հայտնեց, որ նախագծի մեկնարկը տրվել է, և գործընթացը բնականոն ընթանում է։

«Ֆինանսական միջոցները կլինեն դոնորային, գրանտային և վարկային միջոցների հաշվին։   Նախնական հաշվարկով կառուցման համար անհրաժեշտ է 19-21 միլիոն դոլարի չափով գումար»,- ասաց Անանյանը։

Հարցին, թե արդյոք դրանից կարելի է ենթադրել, որ Երևանի մաքսատունը փակվելու է, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դա մտնում է ընդհանուր տեսլականի մեջ։

«Այո, ժամանակի ընթացքում Երևան քաղաքից մաքսային ձևակերպումները դուրս են գալու և ունենալու ենք Հյուսիսային ու Հարավային տարածաշրջանային  արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ, որը իրականացնելու է ոչ միայն մաքսային գործառույթ, այլ նաև արտաքին տնտեսական գործունեությանը առնչվող պետական գործառույթները իրականացվելու են մեկ հարթակում»,- եզրափակեց Անանյանը։

Share