Տնտեսական | 18:01 08/07/19

Հայաստանը և Սինգապուրը կզարգացնեն զբոսաշրջային համագործակցությունը․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

Հուշագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։

Հուշագրով կողմերը համաձայնել են զբոսաշրջության բնագավառում փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և լավագույն փորձով, ստեղծել կարողությունների զարգացման հնարավորություններ, խրախուսել երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գործարար համաժողովների և B2B հանդիպումների միջոցով, տեղական և միջազգային մակարդակով երկու երկրների ճանաչելիության բարձրացման նպատակով տարբեր ձևաչափերի կազմակերպել ճանաչողական այցեր։