Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն». Արտահանման շուկաները պետք է ճիշտ ընտրել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Տնտեսագիտության դոկտոր, դիվանագետ, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի հարավային բաժանմունքի ավագ գիտաշխատող Արարատ Գոմցյանը այն անձանցից է, որ ի սկզբանե կողմ էին Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը: Ինչով էր պայմանավորված դա:  

«Կողմ լինելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք գտնվում ենք աշխարհագրորեն մի հատվածում, որտեղ պետք է հաշվի նստենք մեր պատմության ընթացքում ձեւավորված տնտեսական կապերի հետ: Առաջին հերթին դա Ռուսաստանի հետ է: Անշուշտ կա Եվրամիությունը 27 երկրներով: Կա Արեւելքը: Կան ուղիղ սահմանակից մեր հարեւաններ Իրանը, Վրաստանը:  Բայց մեր ապրանքը ավելի լայն  ճանաչող երկիրը Ռուսաստանն է եւ ունի մեր ապրանքի կարիքը: Տեսեք, մեր պղինձը Գերմանիա է արտահանվում, մեր արհեստական, թանկարժեք քարերը՝ Հոլանդիա, Բելգիա,  Դանիա: Բուլղարիան է վերջերս շատ աշխուժացել: Բայց դա կախված է կոնկրետ ապրանքի՝ տվյալ երկրում տվյալ պահի անհրաժեշտությունից: Իսկ Ռուսաստանին մեր գրեթե բոլոր ապրանքները՝ սկսած մաքուր գյուղատնտեսական մթերքից մինչեւ բարձր ինտելեկտուալ գիտական արժեք ներկայացնող, ծանոթ են: Պետք է ողջունեմ մեր կառավարության մոտեցումն էլ, որ շեշտը դնում է դրա վրա»,- ասել է գործիչը»:

Share