Բաժին. Տնտեսական

Փաշինյան. զբոսաշրջիկները Հայաստանում 120 մլն դոլար ավել են ծախսել

Այսօր՝ հուլիսի 11-ին կայացած Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տուրիզմի ոլորտում արձանագրված տեղաշարժերից։ Նա հայտարարեց, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ծախսերը 120 մլն դոլարով ավելացել են նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատությամբ։
Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց՝ 2019թ.-ի հունիս ամսվա ընթացքում արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի աճը  2018թ. համանման ցուցանիշի համեմատ սննդի կետերում կազմել է 75%, հյուրանոցներում՝ 32%, կանխիկացման գործարքների մասով՝ 22% աճ, իսկ զբոսաշրջային գործակալություններում՝ 36%։
Ջավադյանը նշեց, որ 2019թ.-ի առաջին կիսամյակը նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատությամբ զբոսաշրջիկների քանակն ավելացել է 85 հազարով կամ 12.3%-ով։
ԿԲ նախագահը փաստեց, որ 2013թ.-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսել է  730 դոլար, իսկ այժմ  կիրառվող հետազոտական մեթոդների շնորհիվ պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուրը ծախսում է առնվազն 880 դոլար՝ իհարկե, հաշվի առնելով մի շարք գործոնների ազդեցությունները։ 2013թ.-ի հետազոտական տվյալներն արձանագրել են նաև, որ 2013-2019թթ Հայաստանում բացվել է 300 հյուրանոց՝ արձանագրելով կրկնակի աճ։
Share