Բաժին. Տնտեսական

Էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակը թույլ կտա ցանկացած սցենարի դեպքում լուծում գտնել. փոխվարչապետ

Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե Հայաստանն արդյոք ունի պահուստային տարբերակ՝ էներգետիկ խնդիրների խուսափելու համար, եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառի, և խնդիրներ առաջանան, Գրիգորյանն ասաց. « Ես կարծում եմ, որ մեր այսօրվա էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն»:

Հարցին, թե հարևան երկրից կախված հնարավոր է էներգետիկ համակարգը տատանումների ենթարկվի, ռիսկի տակ դրվի, նա ասաց, որ տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն, դրանք միշտ կան, և որևէ կապ չունեն մեր քաղաքական հարաբերությունների հետ: Նա վստահեցրեց, որ այնուամենայնիվ, կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: «Նաև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որ որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»,-նշեց փոխվարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ առաջացած խնդրի համար կա երկու վարկած, որոնցից մեկը արտաքին է, Գրիգորյանն ասաց՝ խոսքը վերաբերում է արտաքին տեխնիկական հանգամանքներին:

«Երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն և լոկալ չեն: Դրանք փոխմիացած են առնվազն տարածաշրջանում երկրների հետ: Եվ երբ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի տեխնիկական ազդեցություն է ունենում նաև կողքի երկրի համակարգի վրա: Տվյալ պարագայում կա մի նախնական վարկած, որ տեխնիկական տատանում է տեղի ունեցել մեր հարևան երկրում, որն ազդել է նաև մեզ մոտ էներգահամակարգի ընդհանուր տեխնիկական վիճակի վրա: Բայց ես հիմա վերջնական պատասխան չեմ կարող տալ, քանի որ աշխատանքային խումբ է ստեղծվել, սպասենք եզրակացությունների, հետո նոր այդ հարցն ամփոփ կքննարկենք»,-ասաց փոխվարչապետը:

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով  Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն՝ հավելելով, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ:  Դեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես գիտեք, մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, չենք կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,- ասել էր նա:

 

Share