Տնտեսական | 15:09 15/07/19

Քաղավիացիան աշխատանքներ է տանում ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ նկատելի քայլեր են ձեռնարկվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ վերջերս գրանցել են երկու օդանավ և մեկ օդապարիկ:

«Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերն արվում են՝ չնայած ոլորտում խնդիրները շատ-շատ են: Հիմա, մասնավորի հետ համագործակցելով, փորձում ենք հասկանալ ինչպես անել, ինչ անել, որ դյուրացնենք օդանավերի գրանցման գործընթացը, ինչպես կրթենք մեր անձնակազմին, որ ապագայում խնդիրներ չունենանք»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ եթե խոչընդոտներ են լինում քաղավիացիայից դուրս, իրենք կրկին աջակցում են ընկերություններին, որովհետև շատ են ցանկանում, որ այս ոլորտը զարգանա: Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ անելու առաջարկություն են պատրաստել գերթեթև օդանավերի գրանցումը դյուրացնելու համար:

Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ Հայաստանում փոքր ավիացիայի ոլորտը մեծ եկամուտներ չի խոստանում, այստեղ ներդրումներ անել ցանկացողները նրանք են, ովքեր սիրում են ոլորտն ու մեր երկիրը: 

«Այո, կան այդպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն սիրում են այս ոլորտը, այլև անպայման ուզում են ներդրումներ անել մեր երկրում այն զարգացնելու համար: Եվ մենք հիմա նրանց հետ ակտիվ աշխատում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող օդանավակայաններին՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ դրանք հիմնականում վատ վիճակում են:

«Այսօր «Գյումրին» է նորմալ վիճակում, «Զվարթնոցը», «Էրեբունի»-ում է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին լինի բարձր մակարդակի՝ օդանավերն անվտանգ իջեցնելու համար», - հավելեց Տաթևիկ Ռևազյանը: