Բաժին. Տնտեսական

Ընդամենը մեկ շաբաթում «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակում 26 առաջարկ է ներկայացվել

Հուլիսի 8-ից գործարկված «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակում արդեն իսկ գրանցվել է 633 քաղաքացի և ներկայացվել է 26 առաջարկ Երևանը բարեփոխելու վերաբերյալ: Մի խումբ քաղաքացիներ բավականին հետաքրքիր նախագծեր և առաջարկներ են ներկայացրել քաղաքի գրեթե բոլոր ոլորտներին առնչվող:

Քաղաքացի Պետրոս Սարգսյանը, օրինակ, առաջարկում է  շտապող մարդկանց ժամանակի խնայելու նպատակով չվացուցակ տեղադրել մետրոյի դրամարկղի մոտ:

Թելման Թևոսյանը  Հայաստանում սքեյթը զարգացնելու համար  և ակտիվ ժամանց կազմակերպելու նպատակով առաջարկում է այդ մարզաձևի համար նախատեսված այգիներ կառուցել:

Մեկ այլ քաղաքացի, բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով, առաջարկում է կենցաղային վտանգավոր թափոններ ընդունող տերմինալները տեղադրել Երևանում:

Նախագիծը մշակողները առաջարկին կից տեղադրում են լուսանկար, տեսահոլովակ և նախատեսվող գումարի չափը ծրագրի իրականացման համար:

Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ  activecitizen.am էլեկտրոնային հարթակում առաջարկված գաղափարների, ծրագրերի իրականացման համար: Քաղաքացիների կողմից առավելագույն ձայնը ստացած առաջարկի իրականացման համար բյուջեից գումար կհատկացվի:

Առաջարկներ կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի, իսկ քվեարկությանը՝ միայն Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակցելու իրավունք ունեցողները:

Քվեարկությունը սկսվելու է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:

Հարթակի ստեղծումը  2019 թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:

Share