Բաժին. Տնտեսական

168 ժամ. Եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է նվազել արտահանումը

«Կառավարությանն առիթը բաց չի թողնում գովազդելու առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճը: Դժվար է ասել, դա իսկապե՞ս այդքան ոգևորել է իշխանության ներկայացուցիչներին, թե պարզապես փորձ է արվում տպավորություն ստեղծել:

7,1  տոկոսը գուցե վատ ցուցանիշ չէ, բայց դա խանդավառվելու առիթ չի տալիս: Ու ոչ մի նշանակություն չունի, որ այդ ցուցանիշով Հայաս­տանն առաջատարն է Եվրամիության երկրներում:

Տնտեսության իրական զարգացումն աճերով չէ, որ բնութագրվում է: Նախ՝ պետք է հաս­կանալ, թե դա ինչի արդյունք է: Այս­տեղ է, որ կառավարությունը հպար­տանալու տեղ չունի:

Տնտեսական աճի ամենամեծ բա­ղադրիչը ծառայություններն ու առևտուրն են, որոնց բաժինն աճի կառուցվածքում հասնում է 6 տոկո­սի: Այսինքն՝ 7,1 տոկոսից՝ 6 տոկոսի:

Իսկ թե ինչի՞ հաշվին են ավելացել ծառայություններն ու առևտուրը, ար­դեն բազմիցս է ասվել: Թեև չէր խան­գարի ևս մեկ անգամ հիշեցնել: Ծա­ռայությունների աճին նպաստող հիմ­նական ուղղություններն են շահու­մով խաղերն ու զվարճանքները: Այն դարձել է ոլորտի առաջատար ճյու­ղը՝ հետևում թողնելով նույնիսկ ֆի­նանսական հատվածը:

Առևտրի ոլորտում վճռորոշ դեր է սկսել խաղալ մեկ այլ գործոն, ավե­լացել է տրանսպորտային միջոցների վաճառքի ծավալը: Տրված մաքսա­յին արտոնության շնորհիվ Հայաս­տանը դարձել է ԵԱՏՄ-ում տրանս­պորտային միջոցներ մատակարարող երկիր: Վերջին շրջանում արտերկրից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաս­տան: Միայն այս տարվա առաջին կեսին ներկրվել է 54 հազար տրանս­պորտային միջոց, որը 25 հազարով գերազանցել է նախորդ տարվա ցու­ցանիշը:

Հասկանալի է, որ ներքին շուկա­յում նման պահանջարկ չկա: Դրանց մի մասը վաճառվում և գնում է ԵԱՏՄ այլ երկրներ: Բայց դա ուղղա­կիորեն ազդում է՝ ինչպես արտա­քին, այնպես էլ՝ ներքին առևտրի ցուցանիշների վրա:

Լավ է, իհարկե, որ այդպես է, և դրա արդյունքում որոշակի ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան: Բայց դա ժամանակավոր առավելություն է, որը շուտով ավարտվելու է: Հաջորդ տարվանից, երբ ավարտվի երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներմու­ծելու արտոնյալ ժամկետը, շրջանա­ռությունների կտրուկ անկումից խու­սափել հնարավոր չի լինելու:

Առևտրի ոլորտի աճին ինչ-որ տեղ նպաստել է նաև թաքնված շրջանա­ռությունների բացահայտումը, որն իսկապես տեղի է ունեցել: Սակայն դա դեռ իրական աճ չէ: Իրական աճն այն կլիներ, եթե իսկապես ավելա­նար սպառումը: Բայց սպառման աճը չի ավելացել կամ այնքան չի ավելա­ցել, որքան ներկայացվող թվերն են: Այս ընթացքում դրա համար բավա­րար հիմքեր չեն ստեղծվել:

Որպեսզի սպառման իրական աճ լինի, հարկավոր է բարձրացնել հա­սարակության գնողունակությունը: Ինչի՞ հաշվին դա պիտի տեղի ունե­նար, երբ մի կողմից լայն սպառման ապրանքներն անհամեմատ ավելի արագ են թանկանում, քան ավելա­նում են մարդկանց եկամուտները: Ահա թե ինչի վրա է նստած Հայաս­տանի տնտեսական աճը:

Սրանք ոլորտներ են, որտեղ հավելյալ ար­ժեք չի ստեղծվում, կամ դրանց մասնակցությունը տնտեսության իրա­կան զարգացումների գործում մեծ չէ:

Պատահական չէ, որ տնտեսական աճը, որքան էլ բարձր, չի բերում երկրում սոցիալական վիճակի լավաց­ման և հասարակության եկամուտնե­րի ավելացման: Սրան է պետք ուշադրություն դարձնել, և ոչ թե տն­տեսական աճին: Այստեղ է, որ առա­ջընթաց չկա: Մի բան էլ մեծանում է ծառայությունների և առևտրի մասնակցությունն աճի կառուցվածքում: Մեկ անգամ չի եղել, որ նախկին ընդդիմությունը մեղադրել է իշխա­նություններին, որ հասարակությունը չի զգում տնտեսական աճի ազդեցու­թյունը սեփական եկամուտների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share