Տնտեսական | 12:44 18/07/19

ԱՏՁՄ-ն դարձել է Robotex միջազգային միավորման անդամ և նոյեմբերի 9-ին կհյուրընկալի Robotex Armenia առաջին միջազգային մրցույթը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Համագործակցության արդյունքում այս տարվա նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ-ն կկազմակերպի Հայաստանում առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը, որին կմասնակցեն ինչպես Արմաթ ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման անդամ-երկրները, այնպես էլ ոլորտով հետաքրքված անհատներ և ընկերություններ։

Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող երիտասարդների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվողները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։

Մրցույթի հետ կապված մանրամասները հնարավոր է ճշտել ԱՏՁՄ գրասենյակից: