Բաժին. Տնտեսական

Փոխվարչապետ Ավինյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին հրավիրել է մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաժողովին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Շտայների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՄԱԶԾ հետ ծավալուն և արդյունավետ փոխգործակցությանը:

«Հաշվի առնելով կառավարության բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԶԾ հետ և ներգրավվել առավել հավակնոտ ծրագրերում: Հանրային կառավարման բարեփոխումները, թվայնացումը և «Աշխատիր Հայաստան» ծրագիրը առանձնացվել են որպես նախաձեռնություններ, որոնց իրականացման գործում Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ»,- նշել է Ավինյանը:

Փոխվարչապետը ասել է, որ Օրակարգ 2030-ի սկզբունքների ներդրումը և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) արդյունավետ կյանքի կոչումը կարևոր գործիք է կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների համատեքստում: Ընդ որում, Օրակարգ 2030-ը և ԿԶՆ-ները կարող են ուղղորդող դեր խաղալ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության համար:

Աքիմ Շտայները նշել է, որ նախատեսվում է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին անդրադարձ կատարել ներկայումս մշակվող երկրի զարգացման  շրջանակային փաստաթղթի կազմման ընթացքում:

Կողմերը կարևորել են Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը հանրային կառավարման բարեփոխումների, կարողությունների զարգացման և նորարարական լուծումների խթանման գործում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին և Աքիմ Շտայներին հրավիրել մասնակցել միջոցառմանը:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Share