Տնտեսական | 17:00 18/07/19

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը տեղակայվի Վանաձորում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին: Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարի Վանաձորում նոր բժշկական կենտրոնի բացման արդյունքում այլևս առողջապահական նպատակներով չօգտագործվող նախկին ծննդատան շենքը կից տարածքով հատկացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ նոր ստորաբաժանում ստեղծելու նպատակով: Նախատեսվում է Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, կենտրոնացնել մեկ վայրում՝ Վանաձորում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների կազմակերպչական աշխատանքների միասնականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և երկարաժամկետ կտրվածքով պետական միջոցների տնտեսմանը: Ս. Պետրոսյանի խոսքով՝ գույքն ամրացնելուց հետո նախատեսվում է մոտ 900 մլն դրամ ներդրման արդյունքում ստեղծել ճարտարապետական ժամանակակից լուծումներով ստորաբաժանում, ընդ որում՝ որոշումն արդյունավետ ազդեցություն ունենալու նաև պետական գույքի օգտագործման տեսանկյունից. ներդրվելու է շուրջ 900 մլն դրամ, օգտագործումից ազատվելու է մոտ 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները: Պահպանվելու է նաև աշխատակիցների քանակը. այս պահին Վանաձորում կա 30 աշխատակից, 2021-2023 թթ. ընթացքում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 170-ի: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ որոշումը հնարավորություն կտա ոչ միայն օպտիմալ օգտագործել պետական միջոցները, այլև սոցիալական՝ աշխատատեղերի ապահովման հարցը լուծել և բխում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից:



Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և 11,350.6 հազ. դրամ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնելու վերաբերյալ: Որոշման նպատակը Փրկարար ծառայության շենքային պայմանների բարելավումն է: Արդյունքում կապահովվի ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի և շինությունների հիմնանորոգման, Մարտունու և Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման և 12 x 6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:



Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել իր նախկին՝ 2005 թ. փետրվարի 17-ին ընդունված N 194-ն «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» որոշման մեջ և ամրագրել Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները: Որոշմամբ նախատեսվում է մեկական ավտոմեքենա հատկացնել տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները հանդիսանալու են հերթապահ ավտոմեքենաներ և կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։


Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր 2016 թ. մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին»» որոշման մեջ՝ գործադիրը բարելավել է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը: