Բաժին. Տնտեսական

Կառավարությունը Ջրային կոմիտեին միջոցներ հատկացրեց ջրային համակարգերի բարելավմանը

Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց 450 մլն 517 հազար դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության, ի դեմս՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված համաձայնագրի պահանջից:

«Միջոցները կուղղվեն համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը»,—ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»:

Share