Բաժին. Տնտեսական

Ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով կառավարությունը պետական գույքն օտարում է

Կառավարությունը պետական գույքն օտարելու և այն ուղիղ վաճառքի ձևով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունեց:

Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքին, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հա մակերեսով հողամասին:

Ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ավելիաց» ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս «Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո, ճանաչում ունի Հայաստանում, արտահանում է իրականացնում նաև դեպի Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, 2018 թ. արտադրական ծավալը կազմել է մոտ 550 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թ. ավարտը կատարել 259 մլն 760 հազ. ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 45 նոր աշխատատեղ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հաշվի առնելով, որ 2 անգամ տեղի է ունեցել աճուրդ, և որևէ ընկերություն/անձ պատրաստակամություն չի հայտնել մասնակցել մրցույթին, առաջարկվում է 15 մլն 500 հազար ՀՀ դրամով ուղիղ վաճառքի ձևով տարածքը տրամադրել «Ավելիաց» ՍՊԸ-ին, որն էլ նշված գումարը կվճարի եռամսյա ժամկետում:

Share