Բաժին. Տնտեսական

Հացահատիկի բերքահավաքը մեկնարկել է համեստ արդյունքներով

Արդեն երկու օր է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, որի մեկնարկը տրվել է Երանոս համայնքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, գարու ցանքերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 12-15, ցորենի մեկ հեկտարի միջին բերքատվությունը՝ 15-18 ցենտներ: Հացահատիկի բերքահավաքը Երանոսում կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում:  

Օգոստոսի 1-2-ին հացահատիկի բերքահավաքը մեկնարկել է նաեւ մարզի մյուս համայնքներում:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հացահատիկի բերքն առայժմ հավաքվում է համեստ արդյունքներով: «Գարու արտերի մեկ հեկտարից հավաքվում է մինչեւ 15, ցորենի արտերից՝ մինչեւ 18-20 ցենտներ բերք: Մենք ունենք 23 հազար հեկտար հացահատիկի արտեր, որտեղ բերքահավաքի իրականացման համար բավարար են եղած տեխնիկական միջոցները: Առայժմ բերքահավաքի արդյունքները համեստ են, սակայն ընթացքում առանձին տարածքներից կարող է ստացվել ավելի բարձր արդյունք: Հացահատիկի բերքահավաքը մարզում կավարտվի օգոստոսի երրորդ տասնօրյակում»,-նշեց Մարտին Պետրոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Share