Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը ձեռնարկելու է ՀՆԱ-ում արդյունաբերության տեսակարար կշռի մեծացման քայլեր

ՀՀ կառավարությունը ձեռնարկելու է արդյունաբերությանը, մասնավորապես, մշակող արդյունաբերությանն աջակցության և ՀՆԱ-ում ճյուղի տեսակարար կշռի մեծացման ուղղված քայլեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էկոնոմիկայի նախարարին հանձնարարական եմ տվել, որ նա այս ընթացքում ինտենսիվ շփումներ ունենա արտադրության ոլորտի հետ»,- ընդգծեց նա՝ պարզաբանելով, որ խոսքը չի վերաբերում հանքարդյունաբերությանը, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում շատ մեծ է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր, ինչին այլընտրանք չկա, և գյուղատնտեսական ու հանքարդյունաբերական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ում պետք է փոքր լինի, իսկ դա հնարավոր է, երբ մշակող, տեխնոլոգիական արդյունաբերության, սպասարկման և մյուս ոլորտները լուրջ աճ ապահովեն և իրենց ուսերին վերցնեն ՀՆԱ ձևավորելու բեռը։

Նա կոչ արեց գնել տեղական արտադրողի արտադրանք։ «Չեմ կարծում, որ սրան պետք է  վերաբերվել որպես լավության»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում աշխատում է տեղական արտադրության հագուստ կրել, որը հարմար է որակի և գնի առումով։

Share