Բաժին. Տնտեսական

Հարկային եկամուտներն աճել են 24.7-ով. հրապարակվել են ՀՀ պետական բյուջեի նախնական ամփոփ տվյալները

ՀՀ պետական բյուջե 2019թ. հունվար-հունիսին մուտքագրվել են ավելի քան 713.3 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 50.8%-ը:

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս մասին նշված է Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ պետական բյուջեի նախնական ամփոփ կիսամյակային ցուցանիշների մասին հաշվետվությունում:

ՀՀ պետական բյուջեի ընդամենը եկամուտներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել են շուրջ 758.5 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 636.6 միլիարդ դրամ։

Պետական բյուջեի ընդհանուր եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 24.7%-ով կամ 149 միլիարդ դրամով: 2019թ հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.3 տոկոսով կամ շուրջ 26.3 միլիարդ դրամով:

Հարկային եկամուտների աճը պայմանավորված է գրեթե բոլոր հարկատեսակների աճով: Առավել ուշագրավ է եկամտային հարկի, շահութահարկի, շրջանառության հարկի և ԱԱՀ-ի գծով պատկերը։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 233 մլրդ դրամ եկամտային հարկ՝ ապահովելով հարկերի և տուրքերի 32.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտային հարկի մուտքերն աճել են 38.5%-ով կամ շուրջ 64.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 23.3%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 166.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 69.8%-ով կամ 68.3 մլրդ դրամով:

Հարկերի և տուրքերի 36.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 262.2 մլրդ դրամ և 35.5%-ով կամ 68.7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 15.9 մլրդ դրամ շրջանառության հարկ, ինչը կազմել է հարկային եկամուտների 2.21%-ը և 72.2%-ով կամ 6.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 121.9 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 86.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Share