Բաժին. Տնտեսական

Մեծ Մասրիկի գյուղատնտեսական մեքենաների պարկը թարմացվել է լիզինգային ծրագրերի հաշվին

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի մեքենատրակտորային պարկը վերջերս համալրվել է համայնքապետարանի կողմից լիզինգով ձեռք բերված հացահատիկահավաք նորագույն կոմբայնով, տրակտորներով ու գյուղգործիքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղում ներկայացրեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը, համայնքապետարանը լիզինգով ձեռք է բերել գյուղատնտեսական նորագույն տեխնիկական միջոցներ, որոնք էապես խթանելու են գյուղատնտեսության զարգացմանը եւ այս պահին օժանդակում են գյուղացիական տնտեսություններին ամենատարբեր աշխատանքներում: «Գյուղատնտեսական պարկն այս պահին ունի 11 միավոր տեխնիկա, որի մի մասը ձեռք է բերվել այս տարվա ընթացքում, լիզինգով, իսկ մի մասը պատկանում է համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվին:Լիզինգով ձեռք ենք բերել 1 հացահատիկահավաք կոմբայն, երկու տրակտոր, 2 շարքացան, 2 կուլտիվատոր եւ երկու գութան: Տեղական բյուջեից որպես կանխավճար հատկացրել ենք 16 միլիոն դրամ: Իսկ լիզինգով ձեռք բերված տեխնիկաների ընդհանուր արժեքը կազմել է 84 միլիոն դրամ:Մեր համայնքն ունի գյուղատնտեսական մեծ ռեսուրսներ, ուստի նորագույն տեխնիկաների ձեռքբերումը շատ կարեւոր է գյուղացիական տնտեսությունների համար: Անշուշտ, համայնքի կարիքները բավարարելուց հետո մեր տեխնիկաները պահանջվող ծառայություններ կմատուցեն նաեւ շրջակա բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին: Հացահատիկահավաք նորագույն կոմբայնն արդեն աշխատում է դաշտերում, իսկ շուտով վարուցանքի աշխատանքներում կներգրավվեն նաեւ նորագույն տրակտորներն ու գյուղգործիքները:Մենք այս ծրագրով էապես կզարգացնենք գյուղատնտեսությունը, կգրանցենք ավելի բարձր արդյունքներ»,-ներկայացրեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Share