Բաժին. Տնտեսական

ՊԵԿ փոխնախագահ․ Ընկերությունները տրոհում են բիզնեսը՝ փորձելով խուսափել ԱԱՀ շեմի գերազանցումից

Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ խոսել է  իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների մասին և ներկայացրել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերն ու ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ փոխնախագահի ներկայացրած տվյալների համաձայն՝ արձանագրվել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք, կազմվել են ընդհանուր 47.9 մլն դրամի  պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ։ Արձանագրվել է 35 դեպք՝ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ բնապաշարներ օգտագործելու հոդվածով։ Սրանց հիմքով կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ընդհանուր 21.5 մլն դրամը գերազանցող։  Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ըստ այդմ՝ շուրջ 306 մլն դրամի չափով պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ է կազմվել։

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է մի քանի այլ խախտումների ևս։ Նրա խոսքով՝ ընկերությունները հաճախ արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ փորձելով խուսափել ԱԱՀ շեմի գերազանցումից։ Այս ուղղությամբ ՊԵԿ-ը օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ շահառուներին բացահայտելու համար։

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ ընկերությունները գործարքներ են ձևակերպում հարկերի թվացյալ օպտիմալացման մեխանիզմներով, որի արդյուքնում հնարավորություն են ստանում նվազեցնել շահութահարկն ու քիչ հարկ վճարել։ ՊԵԿ-ը հարկերի արհեստական նվազեցման այսպիսի սխեմա է նկատել ապահովագրական ընկերություններում՝ բացառությամբ մեկի։ Մինչև անգամ հարուցված քրեական գործեր կան, որոնք քննության փուլում են գտնվում։

Share