Բաժին. Տնտեսական

«Ամուլսարն առանց հանքի» ակցիա Բաղրամյան 26-ի մոտ

«Եթե կարիք լինի, կգնամ ճանապարհ կփակեմ, ինձ հեռացնեն՝ կինս ճանապարհ կփակի, հետո ընկերներս․․․», – ասում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության համախոհներից մեկն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է անելու, եթե կառավարությունը որոշի՝ հանքը շահագործվելու է։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպած ավտոերթով ջերմուկցիներն ու հարակից շրջանների բնակիչներ ու բնապահպաններ Երևան են եկել՝ մասնակցելու վարչապետի հրավիրած՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով խորհրդակցությանը։

«Սա սերժիզմի շարունակություն է։ Եթե Փաշինյանը չսթափվի, արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին՝ շատ ավելի վատ ձևով։ Կառավարությունը վախուց պիտի այս հարցի շուրջ որոշում կայացրած լիներ։ Ինչ հղումներ են անում Սահմանադրության վրա։ Սերժի գրած Սահմանադրության վրա են հղում անում», – ասում է ցուցարարներից մեկն ու հավելում՝ ինչ որոշում էլ կայացնի գործադիրը, թույլ չեն տալու՝ Ամուլսարը հանքի վերածել։

«Այն, ինչ կատարվում է Ամուլսարում, միայն բնապահպանական խնդիր չէ, այն քաղաքական ու տնտեսական քաղաքականության խնդիր է։ Կարծում էինք՝ հեղափոխությամբ փոխվելու է մեր կյանքը, էլ այլ երկրներից կորպորացիաներ, օլիգարխներ չեն գալու, բայց այդպես չեղավ։ Մենք չենք թողնելու, որ գան, թալանեն մեր երկրի ընդերք ու հեռանան՝ մեզ թողնելով կեղտոտ կենսամիջավայր»։

«Մեզ ասում են՝ սթափ դատել է պետք, դուք զգացմունքային եք։ Ի՞նչ է նշանակում՝ դուք զգացմունքային եք։ Ասում են՝ մենք ենք որոշում կայացնելու  «բեռի» տակ, բայց սա միայն իշխանության «բեռը» չէ․ բոլորինս է։ Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն ու թույլ չտան շահագործել հանքը», – ասում է ցուցարարներից մեկը։

Բաղրամյան 26-ի բակում հավաքվածներն ասում են՝ սա բողոքի ակցիա չէ, այլ այս ձևով իրենք իրենց զորակցությունն են հայտնում ներսում ընթացող խորհրդակցությանը մասնակցողներին։

Share