Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրակացությամբ՝ երկրում երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ըստ Կենտրոնական բանկի տեղեկանքի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ անցկացումը:

«Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը», – նկատեց վարչապետը:

Share