Բաժին. Տնտեսական

Արմենիա էքսպոյին առաջին անգամ ներկայացված կլինի Բելառուսի ցուցադրությունը

Բելառուսական արտադրողները իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանում լայնամասշտաբ առևտրաարդյունաբերական ցուցադրությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմենիա էքսպո»-ն անցկացվելու է Երևանում սեպտեմբերի 12-14-ը:

Այցելուները կտեսնեն Բելառուսի ձեռնարկությունների նոր նվաճումները: Իրենց արտադրանքը կցուցադրեն գյուղատնտեսական և շինարարական սարքավորումների, նավթի արտադրության սարքավորումների, կենցաղային ջեռուցման կաթսաների, երկաթուղային տրանսպորտի ավտոմատացված համակարգերի, պահեստամասերի, սպառողական ապրանքների արտադրողները:

Բրեստի էլեկտրատեխնիկական գործարանը Բելառուսի հիմնական մեքենաշինական ձեռնարկություններից է, ներկայացնում է երկաթուղային ավտոմատացված սարքավորումներ, ինչպես նաև մարդատար գնացքների ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս պահպանել գնացքի ժամանակացույցը 30 վայրկյան ճշգրտությամբ:

Գոմելի էլեկտրատեխնիկական գործարանի արտադրանքն օգտագործվում է լոկոմոտիվի և վագոնների պահեստներում ոչ միայն Բելառուսում, այլ նաև արտասահմանում:

Մոգիլյովի «Ստրոմմաշինա» բազմապրոֆիլ մեքենաշինական ձեռնարակությունն արտադրում է խողովակներ՝ նախատեսված ստորգետնյա մետրոյի կառույցների համար և այլն:

Գրոդնոյի մարզի գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ձեռնարկությունը ներկայացնում է հողագործության և բերքահավաքի համար նախատեսված մեքենաներ:

«Պատրաստված է Բելառուսում» ցուցադրույթը կազմակերպվել է «Բելինտերէքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից՝  Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանում Բելառուսի դեսպանության աջակցությամբ: 

Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները  երկար պատմություն ունեն և այսօր էլ շարունակում են ակտիվորեն զարգանալ ՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: 2018-ի արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 45.8 մլն դոլարի:

Share