Բաժին. Տնտեսական

Պետությունը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ընդունում է որպես նվիրատվություն

Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դրանով նախատեսվում է ընդունել «Գոլդեն Փելես» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող  19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

 Որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընկերության գույքի կազմից առանձնացվելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է իր միջոցների հաշվին  վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է նաև վերը նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ մինչ տարեվերջ պետք է հասկանալ նշված գույքի հետագա օգտագործման ճակատագիրը:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Share