Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյանը խնդիրներ է տեսնում ԵԱՏՄ-ում որոշումներ ընդունելու արագության հետ կապված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որոշակի խնդիրներ է տեսնում՝ կապված Միությունում որոշումներ ընդունելու և դրանք իրագործելու արագության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր խոսքում:

«Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ասիական բանկի գլխավորությամբ, ժամանակակից տարանցիկ ուղիների համակարգ  ստեղծելու ուղղությամբ բավականին առաջ են անցել՝ ասիական 11 երկրների հնարավորությունների օգտագործմամբ : Դա կոմպլեքս ծրագիր է: Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ծավալը գլոբալ մասշտաբներով չի ընդլայնվում: Խնդիրը, ինձ թվում է, որոշումներ ընդունելու արագության մեջ է: Մենք որոշումներ ենք ընդունում շատ երկար և դանդաղ: Եվ կարծում եմ, որ Միությունում անհրաժեշտ է քննարկել, թե մենք ինչու ենք այդքան երկար, երբեմն՝ տարիներով քննարկում պարզ հարցեր, թեև բոլորս այն կարծիքին ենք, որ դա պետք է անել: Իսկ երբ մենք որոշում ենք ընդունում, աշխարհն արդեն դառնում է ուրիշ, և այն որոշումները, որ մենք պատրաստել էինք, թվում են հնացած»,-ասաց Սարգսյանն ու նկատեց՝ հենց այդպես եղավ նաև Միության պայմանագրի հետ:

Նա նշեց՝ պայմանագիրն ընդունվելուց հետո է միայն պարզ դարձել, որ դրանում թվային օրակարգի վերաբերյալ ոչինչ ասված չէ: Սարգսյանի խոսքով՝ թեև հետո արդեն օպերատիվորեն ընդունել են թվային օրակարգը: Նրա կարծիքով՝ որոշումներ ընդունելու արագությունը, այդ թվում տարանցիկ ուղիների պոտենցիալի իրագործումը Միության համար մարտահրավեր է: Սարգսյանը նաև նշեց՝ թվում էր, որ վերազգային մարմնի ստեղծումը  կօգնի որոշումների ընդունման արագության հարցում:

ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների տարանցումը վերջնական գնագոյացման մեջ կազմում է 30 տոկոս, իսկ Եվրամիությունում դա կազմում է  10 տոկոս, ԱՄՆ–ում` 9 տոկոս։ Սարգսյանը սա աղետ համարեց: «Նման կառավարման պարագայում մենք չենք դիմանա որևէ մրցակցության: Մենք պետք է մեծացնենք այդ ծավալները»,-ասաց Սարգսյանն ու նկատեց՝ բայց աշխարհը զարգանալու է ավելի արագ:

Նրա կարծիքով՝ պետք է փոխել որոշումներ ընդունելու, դիրքորոշումները համաձայնեցնելու և ծրագրերն իրագործելու  արագությունը: Սարգսյանը նաև սխալ համարեց այն, որ Միությունում բեռների փոխադրումը դադարեցնելու լիազորությամբ օժտված մարմիններ են գործում:

Share