Տնտեսական | 17:58 10/10/19

Փաշինյանն արձանագրեց խաղողի մթերման վերաբերյալ խնդիրների բացակայությունը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այս տարի խաղողի մթերման սեզոնի ընթացքում որևէ խնդիր չի առաջացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի ընթացքում:

«Այսօր ես արձանագրեցի, որ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք, և ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի որևէ աղմուկ-աղաղակ չկա: Սա, կարծում եմ, շատ հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունն ինչ-որ սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Մենք անընդհատ արձանագրում ենք այն, ինչ տեղի է ունեցել, բայց շատ կարևոր է արձանագրել այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, և այլևս տեղի չի ունենում: Եվ սա բավականին լուրջ հաջողություն է: Սա պատահականություն չէ, և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից սկսած ՊԵԿ-ի միջոցով, և քննարկումների արդյունքում: Հույս ունեմ, որ մենք արդեն գտել ենք ձևը, թե ինչ պետք է անել, որպեսզի խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություններ և գյուղացիների իրավունքների ոտնահարման դեպքեր տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ չճշգրտված տվյալներով մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, որը անցյալ տարվա ցուցանիշներից մոտ 37%-ով ավելի է: