Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի վերաբերյալ

Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կողմից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կազմակերպված «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հանդես է եկել ազգային արժույթով վարկավորման վերաբերյալ ելույթով:

Ելույթում  Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի քանի կարևոր դրույթների. մասնավորապես՝ զարգացող երկրներում ազգային արժույթների ընկալման անհրաժեշտ փոփոխությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ազգային արժույթով ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը:

Խոսնակը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը, պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:

———–

Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար:

ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձևավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:

Share