Տնտեսական | 20:27 21/10/19

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ։

Փոխնախարար Արմեն Սիմոնյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է կայարանի տարածքում, եղել կոնտեյներային տերմինալում և դիագնոստիկ կենտրոնում, ծանոթացել երկաթուղու գործունեությանը և ընթացիկ խնդիրներին։

Շրջայցի ընթացքում անդրադարձ է եղել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալներին, երկաթուղու արդիականացմանն առնչվող հարցերին։ Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված քայլերը, իսկ լոկոմոտիվային դեպոյում Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:

Նախարարն այցելել է նաև երկաթուղու ուսումնական կենտրոն, ծանոթացել երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործման գործընթացի կազմակերպմանը։

Երկաթուղու տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ներկայացվել է բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, մասնավորապես բեռի փոխադրման պայմանների և ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվության ստանալու արագ և դյուրին հնարավորությունները։