Բաժին. Տնտեսական

Արայիկ Հարությունյան. Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. տեսանյութ

«Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը

Ոչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է:

Ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, կառաջարկենք կառավարությանը պետական քաղաքականության միջոցով ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի գլխաքանակը հասցվի 500 հազարի: Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար:

Ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը, որը, մեր կարծիքով, պետք է իրականացվի պետական աջակցությամբ: Մասնավորապես՝ արտոնյալ պայմաններով դրանք պետք է տրամադրվեն մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել», – իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Share