Տնտեսական | 19:37 24/10/19

Կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է արժեթղթերի բորսայի զարգացումը. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել Համաշխարհային բանկի հրապարակած «Դուինգ բիզնես 2020» թվականի զեկույցում տրված գնահատականների վերաբերյալ։ Նախարարը, մասնավորապես նշել է, որ զեկույցը յուրաքանաչյուր երկրի համար գործարարությամբ զբաղվելու տաս ցուցիչ է օգտագործում։ «Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում ունի 74.5 միավոր, որը 2019 թվականի համեմատ նույն մեթոդաբանությամբ տրված գնահատականի համեմատ առաջընթաց է արձանագրել 1.3 միավորով։ Այսինքն՝ մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատ ունենք առաջընթաց։ Եվ դա մեր կողմից մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունք է»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը վարկանիշային հետընթաց չի ունեցել, այլ դիրքում է արձանագրել հետընթաց։ «Ուզում եմ պարզաբանել, որ մենք հատկապես առաջընթաց բարեփոխումներ ենք արձանագրել «հարկերի վճարում» ուղղությամբ, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ԱԱՀ վերադարձ ենք նախատեսում։ Սա գնահատվել է որպես էական ռեֆորմ։ Դրական առաջընթաց ենք արձանագրել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին առևտրի և մի շարք այլ փոքր ցուցիչների ուղղությամբ: Նախարարի խոսքով, հետընթացն էլ պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով։ «Այսինքն՝ այս ցուցիչն առանձին վերցված ունի 6 ենթացուցիչներ, որոնք նախորդ տարվա գնահատման արդյունքում որակվում էին, թե մեր իրավական կարգավորումները որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը։ Եվ մենք այդտեղ էական ռեֆորմ էինք արել, ԱԺ էինք տարել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի նախագիծ, որը կարգավորումների տեսանկյունից ապահովում էր էապես ավելի պաշտպանվածություն, քան անցյալում էր»,- ասել է նախարարը և հավելել, որ այս տարի ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ նաև այն, թե դրանց արդյունքում արժեթղթերի բորսայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։ Այսինքն՝ բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք։

«Սկզբունքորեն դա վատ նորություն չէ, որովհետև մենք անցած տարվանից այս թեման անընդհատ քննարկում ենք, և սա մեր կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է: Ուզում եմ ասել, իմիջիայլոց, անցած տարվանից այդ առումով որոշակի, շատ աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում. մի քանի ընկերություններ որոշակի բաց բաժանորդագրություն են արել, երկու ընկերություն պարտատոմսեր են թողարկել, որը, ըստ էության, նախաքայլ է արժեթղթերի բորսայում հայտնվելու: 60 մլն դոլարին համարժեք գումար են ներգրավել: Եվ եթե դա է պատճառը, մենք, ըստ էության, գտնվում ենք նախապատրաստական մի շրջանում: Սա նաև մեզ համար ահազանգ պետք է լինի, որ իսկապես ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված մեր աշխատանքները: Ես գիտեմ, որ բորսայի սեփականատերերը, նաև ներգրավված ընկերությունները մտադրություններ ունեն ակտիվացնել, որովհետև նոր տնտեսական պայմաններում դրա համար բավական բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և այս ահազանգը մեզ պետք է խթանի, որպեսզի մենք ավելի ինտենսիվ աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալներին և նշել, որ այն հասել է արդեն 487.7 մլն դոլարի. «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումն անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոնը կարող է լինել տարին 12 ամիս»,- ընդգծել է վարչապետը: