Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանը Դոհայում հանդես է եկել զեկույցով, հանդիպել Քաթարի հայ համայնքի հետ

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։ 

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն  ամեն տարի 25% աճ է գրանցում:    Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել  արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։ 

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել,  որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա և այս շղթայի ճիշտ կազմակերպումը արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։ 

Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։

Համաժողովի շրջանակներում Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Քաթարի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջասիմ բին Սայիֆ բին Ահմեդ Ալ-Սուլաիթիի և Քաթարի վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեդ Ալ Սալուիթիի հետ։ Նախարարը ներկայացրել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման ներուժին և հնարավորություններին։   Բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար տրամադրել համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև այցելել մեր երկիր և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ գործնական հարաբերություններ սկսել։

Հակոբ Արշակյանը և հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում հանդիպում են ունեցել նաև Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Նախարարը շնորհավորել է Քաթարում ՀՀ դեսպանին և համայնքի ներկայացուցիչներին դեսպանատան բացման կապակցությամբ՝ այն համարելով  պատմական իրողություն։ Քաթարի հետ հարաբերությունները զարգացնելու գործում Հակոբ Արշակյանը կարևորել է հայկական համայնքի դերն ու նշանակությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց բավականին հզոր ազդեցություն ունի։

Այնուհետև Հակոբ Արշակյանն անդրադարձել է Քաթար կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների մանրամասներին, ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանի՝ առանձին տաղավարով ներկայանալու փաստին, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Քաթարում Հայաստանի դեսպանատունը: 

Հատկանշական է, որ Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայկական տեխնոլոգիական ընկերությունների պրոդուկտներին, ձեռքբերումներին ծանոթացել են բարձրաստիճան մի շարք հյուրեր և ոլորտի մասնագետներ:  Հայկական տաղավար է այցելել նաև Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարը: 

Share