Բաժին. Տնտեսական

Հնդկաստանի դեղագործական բիզնեսը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՀՀ գործընկերների հետ

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council), Հնդկաստանի կառավարությունը և Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը նոյեմբերի 10-13-ը Երևանում անցկացնելու են հերթական  «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Երկու երկրների միջև առողջապահության, և, մասնավորապես, դեղագործության ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին դեսպանության մամուլի ծառայությունը զրուցեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կ. Դ. Դեվալի հետ։

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք առողջապահության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մակարդակը։

– Առողջապահության ոլորտը եզակի է Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկապնակում։ Այդտեղ մեր երկու երկրները կուտակել են համագործակցության հարուստ փորձ, որի գլխավոր բաղադրիչն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  (ԵՊԲՀ) Հնդկաստանի համար բժիշկների պատրաստումը։ Թերևս հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային շատ ընդհանրությունների շնորհիվ է, որ հնդիկ ուսանողները դեռ 1985-ից հաճույքով ու ջանասիրությամբ սովորում են ԵՊԲՀ-ում։ Այդտեղ որակյալ կրթություն ստացած ավելի քան 2.1 հազար հնդիկ բժիշկները մեծ հաջողությամբ աշխատում են ոչ միայն Հնդկաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, և դարձել են Հայաստանի յուրահատուկ դեսպաններ իրենց գործունեության երկրներում։ Ներկայումս ԵՊԲՀ-ում սովորում է 600-ից ավելի հնդիկ ուսանող:

Այս ամենը, բնական է, ստեղծել է առողջապահության ամենատարբեր ոլորտներում Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցության և փորձի փոխանակման ամուր հիմքեր։

– Դեղագործության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

– Այս ոլորտում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները շատ մեծ են։ Այստեղ նախաձեռնությունը հիմնականում հնդկական կողմինն է։

Հնդկական դեղագործական բիզնեսի  հետ համագործակցության հնարավորությունները պատկերացնելու համար ներկայացնեմ մի քանի ցուցանիշ.  Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում՝ զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ներառում է ավելի քան 10,5 հազ. արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայի՝ գրեթե կեսը: Հնդկաստանը 60 000 ջեներիկների աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար: Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչև 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:

Բնական է, որ Հայաստանի դեղագործական բաց շուկան պետք է անմասն չմնար ոլորտի հնդկական ընկերությունների ձեռքբերումներն օգտագործելուց։ Եթե 2018-ին Հայաստան հնդկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալը կազմել է 77.1 մլն ԱՄՆ դոլար (ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներ)՝ 2017-ի համեմատ աճելով 53,9%-ով, ապա հնդկական ծագում ունեցող դեղագործական արտադրանքի արտահանման ծավալը 2018-ին կազմել է 4.7 մլն դոլար՝ աճելով 33.8%-ով։ 2019 և 2018 առաջին կիսամյակներում այս ցուցանիշների աճի տեմպերն արագացել են, ընդ որում, դեղագործական արտադրանքինը՝ ավելի մեծ չափով. 2019-ի առաջին կիսամյակում Հնդկաստանից Հայաստան է արտահանվել 52.7 մլն դոլարի արտադրանք (աճը՝ 55.2%) , որից 3.22 մլն դոլարը եղել է դեղագործական արտադրանքը (աճը՝ 44.5%)։ Ինչպես տեսնում եք, Հնդկաստանից Հայաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում դեղագործական արտադրանքի տեսակարար կշիռը բավական մեծ է:

Նշեմ նաև, որ Հնդկաստանից Հայաստան արտահանվող դեղերի անվանացանկն անընդհատ մեծանում է. այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում գրանցված շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են՝ նաև խոշորագույն միջազգային ընկերությունների կողմից մեր երկրում արտադրված։

Վստահ եմ, որ դեղագործության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի միջև կապերի զարգացման ներուժի օգտագործման լայն հեռանկարներ կան, և Հնդկաստանի դեղագործական բիզնեսը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի գործընկերների հետ, ինչի վկայությունն է PHARMEXCIL-ի՝ Հնդկաստանի կառավարության ենթակայության գործող մարմնի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության կողմից նոյեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք հերթական  «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, մեր երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 28 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

– Նպաստե՞լ է արդյոք 2011-ին PHARMEXCIL-ի կողմից Երևանում անցկացված համաժողով-ցուցահանդեսը դեղագործության ոլորտում Հնդկաստան-Հայաստան կապերի զարգացմանը։ Հավելյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հնդկաստանի կառավարությունը ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև գործընկերությունը խթանելու նպատակով։

– Երևանում 2011-ի մարտին Հնդկաստանի հայտնի 21 դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և հայկական դեղագործական, դեղերի դիստրիբուտոր և ներմուծող ընկերությունների մասնակցությամբ անցած համաժողով-ցուցահանդեսը բավական մեծ դրական ազդեցություն է ունեցել դեղագործության ոլորտում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա։ Վերը նշված ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի փոքր կլինեին, եթե չանցկացվեր այդ միջոցառումը, որի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Հայաստան են ներմուծվում ինչպես հնդկական բարձրորակ դեղեր և դեղագործական հումք, այլև դեղագործության մեջ կիրառվող ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ամբողջական «մաքուր սենյակներ», հոսքագծեր և սարքավորումներ։

Ինչ վերաբերում է հնդկական և հայկական դեղագործական ընկերությունների միջև գործընկերությունը խթանելու նպատակով Հնդկաստանի կառավարության ձեռնարկած քայլերին, դրանցից ամենանշանակալին, թերևս, Հնդկաստանի ամենախոշոր դեղագործական iPHEX (International Exhibition for Pharma and Healthcare) միջազգային ամենամյա ցուցահանդեսին ամեն տարի հայկական դեղ արտադրող10-15 ընկերությունների մասնակցության ապահովումն է։ 2014-ից Հնդկաստանի կառավարությունը հոգում է  iPHEX նրանց այցերի ծախսերը և դրանով ևս մեծապես նպաստում, որ հայկական դեղագործական ընկերություններն արդեն տեղում ծանոթանան Հնդկաստանի դեղ արտադրող և դեղագործական սարքավորումներ արտադրող ընկերությունների ձեռքբերումներին և հննարավորթյուններին, մեր երկրի դեղագործական ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև ներկայացնեն ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումներն ու հնարավորությունները և օրենսդրական դաշտը։

PHARMEXCIL-ը, Հնդկաստանի Առևտրի նախարարությունը և անձամբ ես, որպես Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, շարունակելու ենք աջակցել դեղագործության ոլորտում մեր երկրի և Հայաստանի միջև փոխշահավետ կապերի զարգացմանը և խորացմանը, ինչը վստահ եմ, կնպաստի երկու երկրների դեղագործական ընկերությունների առաջընթացին և հատկապես Հայաստանի բնակչությունը որակյալ, մատչելի, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովելուն։

Share