Բաժին. Տնտեսական

Երևանյան 290 բազմաբնակարան շենքերում կիրականացվեն էներգախնայողության աշխատանքներ

Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում էներգախնայողության ոլորտում առաջնային դիրքերում է:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը՝  ներկայացնելով էներգախնայողության միջազգային օրվա խորհուրդը, այդ ոլորտում արված աշխատանքը: 

«Նոյեմբերի 11-ի՝ էներգախնայողության միջազգային օրվա խորհուրդն այն է, որ քաղաքացիներին հասցնենք էներգախնայող սարքավորումներ, նյութեր օգտագործելու գաղափարը: Էներգախնայողությունը համարվում է էներգետիկ անկախության ռազմավարության  ուղղություններից մեկը: Էներգախնայողություն՝ չի նշանակում չօգտագործել էլեկտրաէներգիա, այլ նշանակում է կիրառել այնպիսի սարքավորումներ, որոնք ավելի էներգախնայող են: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կանխել էներգիայի կորուստները»,-ասաց Կարեն Ասատրյանը:

2004 թվականից Հայաստանն արդեն ունի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենք, որով կարգավորվում է ոլորտը: Այդ օրենքում նշված կետերը ոչ պարտադիր էին, կամավորական բնույթ ունեին, հետևաբար 2016 թվականին կատարվեց փոփոխություն՝ համաձայն որի սահմանվեցին պարտադիր նորմեր: Մասնավորապես, ամրագրվեց, որ բոլոր նոր կառուցվող շենքերը պետք է լինեն ջերմամեկուսացված, օգտագործվեն ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող սարքավորումներ:

 Կարեն Ասատրյանը նշեց նաև, որ Հայաստանում էներգախնայողության պոտենցիալը կազմում է շուրջ 40 տոկոս, ինչը մեծ թիվ է: Խորհրդային տարիներից ստացված ժառանգության արդյունք է, երբ շինարարության ընթացքում էներգախնայողությանը նշանակություն չի տրվել:

«Մեր էներգետիկ բալանսում էներգիայի սպառման զգալի հատվածը՝ 37 տոկոսն ընկնում է բնակչության վրա: Այս հատվածում համապատասխան միջոցառումներով հնարավոր է հասնել մինչև 40 տոկոս էներգախնայողության, որը զգալի օգուտ կարող է բերել ինչպես բնակչությանը, այնպես էլ տնտեսությանը»,- ասաց նա: Հայաստանի կառավարությունն ընդունել է ռազմավարական ծրագիր՝  համաձայն որի, խնայողության հաշվին մինչև 2036 թվականը բնակչության կողմից սպառվող էներգիայի ծավալները 37 տոկոսից կիջեցվեն մինչև 29 տոկոսի: Այս տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված էներգախնայողությանն ու վերականգնվող էներգետիկային: 2012 թվականից իրականացվում է ծրագիր հանրային և պետական շենքերում, որի շրջանակում 180 շենքում էներգախնայողության միջոցառումներ են կատարվել: Արդյունքում՝ դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, համալսարաններում, քրեակատարողական հիմնարկներում իրականացված աշխատանքի շնորհիվ կարողացել են հասնել միջինում 50 տոկոս էներգիայի խնայողության: 

Նա նշեց, որ բազմաբնակարան շենքերում մեկնարկել է ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից իրականացվող մի ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2023 թվականը Երևանում 290 բազմաբնակարան շենքում իրականացնել էներգախնայողության աշխատանքներ: Կկատարվի շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում։ Նման օրինակներ եղել են, արդյունքները տեսանելի են: Դա  նշանակում է էներգիա խնայել ինչպես տարածքը ջեռուցելու, այնպես էլ հովացնելու ժամանակ: 

Share