Բաժին. Տնտեսական

«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովում քննարկվում են ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելման խնդիրները

Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ երկօրյա միջազգային համաժողովը։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին:

Համաժողովի պլենար նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱՏՀ ներքին շուկաների,  տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Դմիտրի Օվսյաննիկովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Ռոսակրեդիտացիայի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անցումային և զարգացող տնտեսություն ունեցող երկրների վարչության ծրագրերի ղեկավար Եվգենի Սեսիցկին, Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ Վլադիմիր Մուկվիչը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը։

Մհեր Գրիգորյանը ողջույնի խոսքում իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար: Նա կարևորել է Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը, քանի որ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներն արդիական թեմաներ են ամբողջ աշխարհում, բայց, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար: Փոխվարչապետը կարևորել է ոչ միայն վերոնշյալ հարցերում, այլ բոլոր ոլորտներում առկա կարգավորումների անհամաչափությունների վերացումը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից: Նա համաժողովը լավ հնարավորություն է համարել կանոնակարգերի և օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը քննարկելու, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով կիսվելու համար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսպիսի միջոցառումները թույլ են տալիս գտնել մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը պատիվ ունի արդեն երկրորդ անգամ կազմակերպելու նման կարևոր միջոցառումը:

«Կոնտրաֆակտի դեմ պայքարը վերաբերում է բնակչության բոլոր հատվածներին, այն գերակա խնդիր է բոլոր պետական մարմինների համար: Հետևաբար, այս խնդրին պետք է տրվեն համակարգված լուծումներ՝ համախմբելով բոլորի և յուրաքանչյուրի ջանքերը: Աշխարհում տեղի ունեցող գլոբալացման գործընթացը, տարածաշրջանային ինտեգրումը և թվային միջավայրի զարգացումը մեծացնում են համաշխարհային համայնքի ջանքերը միավորելու անհրաժեշտությունը այս վնասակար երևույթի դեմ պայքարում: Միջազգային համագործակցությունն ու գործողությունների համակարգումը կարևոր նշանակություն ունեն միասնական քաղաքականություն վարելու և կեղծ ապրանքատեսակների արտադրության և շրջանառության դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Այսօր համաժողովի թեմատիկ բաժինների և «կլոր սեղանների» մասնակիցները հավաքվել են այստեղ՝ քննարկելու եվրասիական մասշտաբի արդյունավետ մեխանիզմների ստեղծման հնարավորությունները, ինչը թույլ կտա հակադարձել կեղծարարությանը: Կասկած չկա, որ համաժողովը հնարավորություն է տալիս կազմակերպելու կառուցողական երկխոսություն պետական մարմինների ներկայացուցիչների, գործարար համայնքի, գիտության և հասարակության միջև, որպեսզի մշակվեն միասնական որոշումներ արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ստեղծելու ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկա», – ասել է էկոնոմիկայի նախարարը և, եզրափակելով, մաղթել համաժողովի բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանք, նաև համոզմունք հայտնել, որ ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողություններ կգրանցվեն կեղծ ապրանքների դեմ դժվարին պայքարում:

Տիմուր Ժակսիլիկովը նշել է, որ կոնտրաֆակտ արտադրության շրջանառության աճը համաշխարհային տենդենց է։ ԵԱՏՄ տարածքում կոնտրաֆակտի ծավալները տարեցտարի նույնպես ավելանում են․ «ԵԱՏՄ մաքսային ծառայությունների վիճակագրության համաձայն, 2018 թվականին հայտնաբերվել է 17,3 մլն միավոր կոնտրաֆակտ արտադրություն՝ 2017 թվականի համեմատ 54%-ով ավել (11,2 մլն միավոր) և 2014 թվականի համեմատ 73%-ով ավել», – ասել է Տիմուր Ժակսիլիկովն իր ելույթում և հավելել, որ իրավիճակը բարդանում է էլեկտրոնային առևտրի սրընթաց զարգացման հետևանքով՝ կոնտրաֆակտ արտադրանքը հաճախ վաճառվում է սոցիալական ցանցերի  և բջջային հավելվածների միջոցով։  «Մեզ անհրաժեշտ են եվրասիական մասշտաբի արդյունավետ միջոցներ, որոնք հնարավորություն կընձեռեն հակադարձելու կեղծ ապրանքների տարածմանը», – եզրափակել է  Տիմուր Ժակսիլիկովը։

Երևանյան համաժողովի ընթացքում կքննարկվեն կոնտրաֆակտ (կեղծված) արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավակիրառության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելման խնդիրները, կոնտրաֆակտի դեմ թվային մեթոդների կիրառումը և մարդկային ներուժի ձևավորումը արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Համաժողովի հիմնական խնդիրներն են․

«Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովի մասնակիցների համախմբված դիրքորոշման մշակումը՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունը կանխելու հակազդող միջոցների համակարգի ապահովման և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ։

– Միասնական մաքսային տարածքի շրջանակներում մաքսային կարգավորումների և մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործման առաջարկությունների մշակումը։

– Արդյունաբերական արտադրանքի հավաստագրման և ստանդարտացման համակարգի կատարելագործման առաջարկությունների մշակումը։

– Ադյունաբերական արտադրանքի որակի արդյունավետ վերահսկման մեխանիզմների մշակումը։

– Նորարար (ինովացիոն) տնտեսության հիմնախնդիրների շուրջ կառուցողական երկխոսության ապահովումը։

– Նորարարական (ինովացիոն) գործունեության իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակումը, ներառյալ արդյունաբերական արտադրանքի ապօրինի արտադրության և շրջանառության դեմ պայքարի հարցերը, հաշվի առնելով այն համգամանքը, որ վերջիններս լուրջ սպառնալիք են տնտեսական անվտանգության համար։

«Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև տվյալ ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, գիտության ոլորտի և հասարակության ներկայացուցիչներ։ Երկու օրվա ընթացքում քննարկումներ կծավալվեն 4 սեկցիաների 10 «կլոր սեղաններում»։ 

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

Հայաստանում «Անտիկոնտրաֆակտ»  համաժողովն անցկացվում է երկրորդ անգամ․ առաջին անգամ այն կայացել է 2016 թվականին։

Share