Բաժին. Տնտեսական

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold ընկերությունը ստորագրել են 2020 թ. Համագործակցության մասին պայմանագիր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և GeoProMining Gold ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը ստորագրել են 2020 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը:

Պայմանագիրը նախատեսում է 2020 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք – Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում: Ընթացիկ տարում Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1,5 մլն տն-ի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։ Երկու ընկերությունների կողմից կատարված զգալի ներդրումների շնորհիվ՝ 2008 թվականից բեռնափոխադրումների և հանքանյութի մշակման փաստացի ծավալները եռապատկվել են:

GeoProMining Gold ընկերությունն արդիականացրել է Արարատի գործարանը՝ 2014 թվականին ներդնելով հանքանյութի վերամշակման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան, ինչպես նաև հատուկ տեխնիկա, որը թույլ տվեց կայունացնել հանքանյութի մատակարարումը: GPM Gold ներդրումները նշված ծրագրերում կազմել են $160 մլն:

ՀԿԵ-ն իր կողմից վերականգնվել է 90-ականներից չշահագործվող Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը, կապիտալ վերանորոգել կայարանի բեռնման գիծը, վերականգնել Շորժա-Զոդ հատվածի արգելափակման կիսաավտոմատ միկրոպրոցեսորային համակարգը, ինչը թույլ տվեց ապահովել առանց կանգառների երթևեկությունը Զոդ-Արարատ հատվածում և կրճատել հանքանյութի փոխադրման տևողությունը: Էապես բարելավել է կոնտակտային ցանցի վիճակը, երկաթբետոնե կոճերի կիրառմամբ կապիտալ վերանորոգվել են երկաթուղային գծերը, ինչն ապահովել է գնացքների քաշի և արագությունների աճը: 2008 թվականից Սևան-Զոդ հատվածում կատարված նշված աշխատանքներին երկաթուղին ուղղել է ավելի քան 2 մլրդ դրամ:

Ինչպես նշել է Սերգեյ Վալկոն, GeoProMining Gold ընկերությունը երկաթուղու խոշորագույն գործընկերն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության բեռնափոխադրումների 55%:

– Տվյալ հատվածի գծային տնտեսության արդիականացման և պահպանման համար կատարվող ներդրումները գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: 2018 թվականից երկաթուղին իրականացնում է շարժակազմի թարմացման ծրագիրը՝ գնվել է 40 նոր կիսավագոն, ևս 40-ը նախատեսվում է ձեռք բերել մինչև տարեվերջ, – նշեց ՀԿԵ ղեկավարը:

Իր հերթին GeoProMining ընկերությունների խմբի մախագահ Ռոման Խուդոլիյը գոհունակություն հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու հետ ձևավորված համագործակցության առնչությամբ:

– Դեռ թարմ են 2008-2009 թթ մասին հիշողությունները, երբ երկաթուղին դժվարությամբ էր ապահովում այսօրվա հետ անհամեմատ փոքր փոխադրումների ծավալները Սոթքից Արարատ տեխնիկական խափանումների պատճառով: Այժմ մեր գործընկերն վստահ ապահովում է տարեցտարի աճող փոխադրումները, ինչը մեզ թույլ է տալիս անխափան իրականացնել ներ ներդրումային և արտադրական ծրագրերը, – ասաց Ռոման Խուդոլիյը:

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share