Բաժին. Տնտեսական

Փաշինյանը հայ-իտալական տնտեսական կապերը խորացնելու լավ հիմք է տեսնում. հանդիպում ICE-ի նախագահի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից ICE՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը: ICE-ի կողմից հանդիպմանը ներկա է ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հարցեր: Նա նշել է, որ վերջին տարիներին առկա է դրական դինամիկա: Հայաստանում իտալական կապիտալով ներգրավվածությամբ ընկերությունների թիվն աճել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ դինամիկան լավ հիմք է համարում տնտեսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին էլ Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նրա այցը մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Հռոմում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը նաև Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

Շանթ Խլղաթյան

Share