Տնտեսական | 11:06 05/12/19

Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոց, և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես՝ Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Կսահմանվի նաև տեղական տուրք, նախատեսված է 50 հազար դրամի չափով»,- ասաց Գաբրիելյանը:

Օրենքի նախագիծն առաջինը ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ և 12 դեմ ձայներով: